Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե անկեղծ խոսենք»

«Եթե անկեղծ խոսենք»
26.03.2019 | 00:16

Այդպես է կոչվում Սեմ Բոբրիկի մեկ գործողությամբ կատակերգությունը, որ բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը: Առաջին ներկայացումը 2018-ի հոկտեմբերի 5-ին էր: Բեմադրիչը` Ժան Նշանյան: Իրականում կատակերգություն չէ, այլ դրամա: Հակիրճ` երկու հոգեբանների առանձին-առանձին ու միասին մոլագարն ապացուցում է, որ իրեն բուժել չեն կարող, որովհետև իրենք էլ հիվանդ են: 4 դերասաններ ժամուկեսում հանդիսատեսին ապացուցում են, որ հասարակությունը հիվանդ է ու անկեղծ խոսելու պատրաստ չէ: Դրամատիկ գնալու կարիք չկար` դա իմանալու համար: Անհիշելի ժամանակներից այդպես է` պարբերաբար գտնվում են դրամատուրգներ, որ հայելի դնեն հասարակության առաջ, ու թատրոններ, որ հայելին ուղղեն հանդիսատեսին: Ներկայացումից հետո դահլիճում ծափեր էին, սովորական ծափեր` դրամատիկի ամեն ներկայացումից հետո: ՈՒ ես չհասկացա` ծափերը դերասանների՞ն էին ուղղված` հրաշալի խաղի համար, թե՞ ծափահարող հանդիսատեսը հասկացավ` իրեն ինչ էին ասել բեմից ու գնահատեց: Կարծում եմ` առաջինը, երկրորդ դեպքի համար ծափերը շատ էին ու …ավելորդ էին:


Քանի՞ նման ներկայացում է պետք, որ հասկանանք` մենք անկեղծ խոսակցության պատրաստ չենք ոչ միայն միմյանց, այլև ինքներս մեզ հետ: Մեր արժեհամակարգում անկեղծությունը արժեք չէ: Մեր արժեհամակարգի առաջին եռյակում պոպուլիզմն է ու դեմագոգիան, երեսպաշտությունը: Հասարակական: Բայց չենք հասունացել այնքան, որ հասկանանք` հիվանդ ենք: Գուցե թատրոնները դրա՞ համար են հավերժական: Մենք նաև չենք ընկալել դեռ, որ հասարակություն-իշխանություն հարաբերություններում հայտնվել է մեծ ու մեծացող… անհանդուրժողականություն: Իշխանությունը հասարակությունից ուզում է անվերջ հիացմունք ու իր գործերին չխառնվել, հասարակությունը իշխանությունից ուզում է իր կյանքի փոփոխություն:


Իշխանությունը հասարակությանը հրամցնում է քաղաքացու օր` օրենքի նախագծի մակարդակով` «ի նշանավորումն 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշե, ժողովրդական հեղափոխության հաղթանակի», հասարակությունը սկսում է հեգնել` պահանջելով… գյուղացու օր: Այսինքն` խզվել է կապը: Պաշտոնական հեռուստաալիքներով հիացած քաղաքացիներ են` իրենց շնորհված տոնի համար, ֆեյսբուքահայերը հրճվում են անգլիականից մինչև սև հումոր շրջագծում: Իրականում քաղաքացու օրը կարող է ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օր դառնալ ու նշվել իբրև ժողովրդական տոն, եթե Հայաստանում լինի … տոնի ընկալում: Թեպետ այդ տոնը կա հայկական տոնացույցում ու կոչվում է Սահմանադրության օր: Սահմանադրության օրն է քաղաքացու տոնը, եթե հարգվում ու պաշտպանվում են քաղաքացու իրավունքները պետական մակարդակով: Հայաստանում Սահմանադրության օրը համապետական տոն չդարձավ, որովհետև բովանդակություն չստացավ: Ինչպես բովանդակություն չստացավ սեպտեմբերի 21-ը` Անկախության օրը: ՈՒստի կառավարությունն ինչպես էլ հիմնավորի քաղաքացու օրվա անհրաժեշտությունը, կարևորը բովանդակությունն է: Ի՞նչ են անելու այդ օրը` պաշտոնական ուղերձներ, անպաշտոն լայվեր, երթեր ու համե՞րգ: Այսինքն` սա ևս մեկ խրամատ է` հասարակությունը «մերոնց» ու «չմերոնց» բաժանելու: Տոնը ոչ բոլորինն է լինելու, ոչ բոլորն են համարելու, որ տոնի տեղ կա իրենց կյանքում: Թավշե հեղափոխությանը մասնակցել են հարյուր հազարավորներ, բայց ոչ բոլոր քաղաքացիները։ Ոչ բոլորն են թավշե հեղափոխությունը համարում իրենց ու երկրի կյանքի գլխավոր իրադարձությունը, որ շրջադարձ է դարձել: Իսկ իշխանությունը ոչ թե պիտի արձանագրի իրավիճակը, այլ փոխի ու միավորի: Իդեալ ու նպատակ տա բոլորին: Այս պայմաններում սահմանված քաղաքացու օրը դառնալու է քայլածների հաղթահանդես չքայլածների նկատմամբ: Անգամ տոնը սահմանողները չգիտեն` ինչպես է տոնը նշվելու: Եվ որովհետև թողնելու են հասարակության վրա, ամենայն հավանականությամբ` քաղաքապետերն ու մարզպետները կհավաքեն մարզի պատասխանատուներին, վարչապետը ելույթ կունենա, Աժ-ում ճառեր կասվեն ու… կատարած պարտքի գիտակցությամբ տուն կգնան: Որովհետև մարդը չի ընկալվում որպես արժեք, որպես սուբյեկտ: Եվ քաղաքացու օրը դառնում է պոպուլիզմի հերթական դրսևորում:
Մենք պոպուլիզմից պոպուլիզմի նոր որակների անցումներ ենք անում. օրինակ` համաքաղաքային շաբաթօրյակի կազմակերպումը:

Դրամատիկը նահանջում է կյանքի թատրոնի առաջ` մեկ դերասանով թատրոնի, երբ բեմում վարչապետն է իր ցախավելով, իսկ դերասանները հրաժարվում են բեմ բարձրանալ: Ընդ որում` մասնագիտությամբ դերասանները: Մարտի 23-ի համաքաղաքային շաբաթօրյակի օրը վարչապետն ու քաղաքապետը որոշել էին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման հիմնարկեքին մասնակցել: Բայց շինհրապարակը մաքուր չէր, ու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չեն հարգում»: Միանշանակ` թատրոնի պատմության մեջ գրվելու արժանի նախադասություն է: Բայց արդեն կինո է, երբ կոստյումով վարչապետը միայնակ ավլում է շինհրապարակը` թիկնապահներն ապահովում են անվտանգությունը, օպերատորները պատմական կադրերը արձանագրում: ՈՒ նույնիսկ թատրոնի դերասանները չեն միանում Սոս Սարգսյանի հիշատակը հարգելուն: ՈՒ ինչպե՞ս վարչապետը չբողոքի. «Հարյուր անգամ ինձ խնդրել են՝ «շատ կարևոր է, խնդրում ենք անպայման եկեք»։ Երկրի վարչապետին բերել են աղբի մեջ կանգնացրել են»: Քաղաքապետ Հայկ Մարությանին մնում էր միանալ վարչապետին և բացատրել, որ շինհրապարակների մաքրությունը նորմատիվներով է սահմանված: Պարտավոր են պահպանել, բայց չեն պահպանում. «Մենք տուգանքներ ենք նշանակել։ Մենք պայքարում ենք ամեն օր դրա հետ։ Ամբողջ Երևանի մասին է խոսքը՝ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան։ Էստեղ էլ կարող են լավ աշխատել, և այո, կարող է էնպիսի մի ֆլեշմոբ մտածենք՝ այն մարդկանց, ովքեր կեղտոտում են, աղտոտում են մեր քաղաքը, ուղղակի նկարենք, ֆոտոն գցենք անուն ազգանունով և ասենք՝ էս մարդը աղտոտում է մեր քաղաքը։ Ավելի լավ կաշխատի դա, քան տուգանքները»: Ֆլեշմոբ` սա է գլխավորը, մնացածը չի աշխատի: Քաղաքապետն իսկապես անկեղծ էր: Ինչպես անկեղծ է վարչապետը, որ ջինսով ու սվիտրով գնում է թատրոն, կոստյումով` շաբաթօրյակի:


Նույնքան անկեղծ էին «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնության անդամները, որ շաբաթօրյակի օրը կարմիր գծերը ներկում ու վերացնում էին` պնդելով կատարում ենք հասարակական պահանջ, այս պահանջը ձևավորվել է դեռևս հեղափոխությունից առաջ, և բազմիցս հայտարարություններ է արել երկրի վարչապետ, նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ հարթակից պահանջել է կարմիր գծերը վերացնել: «Այսօր մենք դուրս ենք եկել այդ հանրային պահանջն իրականացնելու և ներկում ենք կարմիր գծերը՝ փաստելով, որ դրանք մեզ այլևս պետք չեն: Մենք օրինակ ենք ծառայում, հիշեցնում ենք վարչապետին, որ սա իր խոստումն է և պետք է կատարի»,- հայտարարում էին նրանք ու օրինակ բերում քաղաքապետին, որ օպերայի հարակից սրճարանները քանդելիս ասում էր` իրականացնում ենք հանրային պահանջ, ոչ թե քաղաքապետարանի ու վարչապետի որոշումն է, այլ ժողովրդի պահանջը: Ինչու՞ ոչ: «Պարոն վարչապետ, կատարեք Ձեր խոստումները, ժողովուրդը Ձեզնից դա է սպասում»` սկզբունքով: Մանավանդ` կա նաև հիմնավորում` կարմիր գծերից հասույթը տարեկան 26 մլրդ դրամ է` շաբաթական 1 մլն դոլար է, որ մեզնից յուրաքանչյուրից գողացվում է և անհասկանալի է, թե ինչի վրա է ծախսվում:
Ահա այսպես` հպարտ քաղաքացիները սկսում են գործել` առանց նույնիսկ քաղաքացու օրվան սպասելու: Նրանք սկսել են փոխարինել իշխանությանը, որովհետև համաձայն չեն իշխանության որոշումների հետ: Որովհետև Հայաստանում իշխանությունը մեկ մարդ է ու նրա կառավարումը միանձնյա է: Իսկ դա ամենամեծ վտանգն է ցանկացած ժողովրդավարության համար, որ չունի ինստիտուտներ: ՈՒ այդ մեկ մարդը այսօր չի ցանկանում, որ հաստատվի ինստիտուցիոնալ իշխանություն` հայտարարելով, որ սահմանադրական փոփոխությունները առաջնահերթ չեն, կա ավելի կարևորը` տնտեսական հեղափոխությունը: Իրականում տնտեսական հեղափոխությունը հնարավոր է ինստիտուցիոնալ հաստատուն ժողովրդավարության դեպքում: Միրաժ է, որ թավշե հեղափոխությունից հետո Հայաստանում կատարյալ ժողովրդավարություն է հաստատվել, կա խոսքի ու մամուլի ազատություն: Ժողովրդավարությունը ինչ-որ մեկի ցանկությամբ չի հաստատվում կամ վերանում, խոսքի ազատությունն էլ ում խելքին ինչ փչի գրելը չէ, այլ հրապարակումներին համարժեք վերաբերվելը: Խոսքը ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին չի վերաբերում, այլ օրենսդիր ու գործադիր իշխանությանը: Հենց այդ համարժեք վերաբերմունքի բացակայության փայլուն օրինակ էր վարչապետի վերջին ասուլիսը` լրագրողների հարցերի մակարդակում: Հայաստանում գործող ժողովրդավարությունը միրաժ է` հիմնված մեկ մարդու պատկերացումների վրա: Իսկ եթե 5 կամ 10 տարի հետո այդ մարդն այլևս իշխանություն չունենա, ժողովրդավարության վախճանն ենք արձանագրելու՞: Նիկոլ Փաշինյանի թավշե հեղափոխության առաջնահերթ խնդիրը չէ՞ այնպիսի համակարգ ստեղծել, որ ով էլ գա իշխանության, անհնար լինի ժողովրդավարության հետքայլը: Դա ոչ լրագրողների, ոչ քաղաքական գործիչների, ոչ էլ ժողովրդի գործն է: Դա իշխանության գործն է, այլապես ժողովրդավարներ-ոչժողովրդավարներ իշխանության փոխանցումը շատ հավանական է, որ հավանական է դարձնում անվերջ հեղափոխությունների կամ բռնապետության հաստատումը: Այսինքն` սուպերվարչապետությունից օր առաջ հրաժարվելը և սահմանադրական փոփոխություններ կատարելը հենց թավշե հեղափոխության արդյունքը պետք է լինի, ոչ թե ժամանակի մեջ հետաձգվող հերթական «միջոցառում»: Հայաստանում ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ հիմքեր ունենա, որ պետության ղեկավարներն ու պետական պաշտոնյաները գործեն օրենքի շրջանակներում, ոչ թե արդարության ու ճշմարտության իրենց պատկերացումների: Ժողովրդավարությունը չպետք է վարչապետի կամքի արտահայտություն լինի: Առավել ևս, որ այդ կամքն օրեցօր տարօրինակ դրսևորումներ է ստանում: ՈՒ առավել քան տարօրինակ են իրենց պահում Հայաստանի հպարտ քաղաքացիները` դասադուլներով, գործադուլներով, բողոքի ցույցերով:

Հեղափոխությունն ավարտվել է, իսկ նրանք ապավինում են փողոցային ժողովրդավարությանը, որովհետև չեն տեսնում իրենց խնդիրները լուծելու ունակ իշխանություն: Իսկ երբ նրանք քանակից անցնեն որակի, կպարզվի, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, բայց մենք չենք կարող քաղաքական ճգնաժամում լինել այդքան ժողովրդավարական ու այդքան թավշե հեղափոխությունից հետո: Չէ՞ որ մենք նույնիսկ քաղաքացու օր ենք սահմանում, ուրիշ ի՞նչ է պետք քաղաքացուն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Եթե անկեղծ խոսենք, այս ամենի մեղավորը ոչ իշխանությունն է, ոչ էլ վարչապետը, մենք ենք, որ մեզ անվանում ենք հասարակություն: Մենք չունենք իդեալներ ու պատկերացում` ինչ պետություն ենք ուզում ունենալ ու ինչպես կարող ենք այդ պետությունն ունենալ: ՈՒ դա հնարավորություն է տալիս մեզ կառավարել պոպուլիզմով ու դեմագոգիայով, երեսպաշտությամբ, քանի չի ձևավորվել կայուն դիմադրողականություն միրաժով ու պատրանքով իրականությունը փոխարինելու սովորույթին: ՈՒ դա միայն ընդդիմության խնդիրը չէ, դա հասարակության ինքնապահպանության բնազդի ու ինտելեկտի դրսևորումն է: Ֆլեշմոբերից հետո էլ գալիս է ճշմարտությանն առերեսվելու պահը, երբ ոչ մի լայվ ԽՈՍՔԻ արժեք չունի` գործի վրա հիմնված չլինելով: Քաղաքացու տոնը իմաստ կունենա, երբ քաղաքացու ինքնագիտակցությունը նրան կթելադրի պետություն կառուցել, ոչ թե իշխանություն:
Երբ իշխանությունը կհասկանա, որ ինքը պետությունը չէ, այլ պետության որոշակի ժամկետով ընտրված կառավարիչը: Բայց այս նրբությունները դեռ հակասում են պոպուլիզմին ու դեմագոգիային, երեսպաշտությանը` թե իշխանական, թե հասարակական մակարդակներում, ուրեմն սպասեք հերթական ֆլեշմոբին:

Դիտվել է՝ 2851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ